Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի որոշման վերանայված նախագիծը ալկոհոլի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին. նորացված նախագծում նախարարությունն առաջարկում է խստացնել պահանջները ածիկի պարունակության նկատմամբ գարեջրի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալկոհոլային արտադրանքի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ գարեջրի արտադրության մեջ կարող է թույլատրվել գարեջրի ածիկի մասնակի փոխարինում հացահատիկով կամ դրա վերամշակման արտադրանքով, եթե դրանց ընդհանուր զանգվածը չի գերազանցում փոխարինված ածիկի զանգվածի 50 տոկոսը, իսկ շաքար պարունակող զանգվածը կազմում է ածիկի, հացահատիկի եւ հացահատիկային արտադրանքի զանգվածի 5 տոկոսից ոչ ավելին:

Սակայն ալկոհոլի արտադրության եւ շրջանառության կարգավորման մասին Ռուսաստանի օրենքը սահմանում է, որ գարեջրի արտադրության մեջ թույլատրվում է ածիկի միայն մինչեւ 20 տոկոսի փոխարինումը չծլեցված արտադրանքով: ԵԱՏՄ նորմերում գարեջրի մեջ ածիկի պարունակության նկատմամբ ավելի մեղմ պահանջները մտահոգություն են առաջացրել շուկայի մի շարք մասնակիցների, մասնավորապես՝ Ռուսաստանի գարեջրագործների միության շրջանում:

Ռուսաստանի Դաշնության Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերին նախագիծ էր նախապատրաստել ալկոհոլային անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգերում փոփոխությունների մասին: Այդ ժամանակ նախարարությունը հայտնում էր, որ փոփոխությունների քննարկման փուլում գարեջրի արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ առաջարկել են ճշգրտել գարեջրի մեջ ածիկի պարունակության նկատմամաբ պահանջները, սակայն արտադրողները միասնական դիրքորոշում չեն մշակել, եւ առաջարկը չէր ներառվել փոփոխությունների մեջ: Սակայն քննարկումներից հետո ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը վերջնական տեսքի բերվեց:

Այժմ նախագծի պորտալում հրապարակվել է փաստաթղթի նոր տարբերակը: Փոփոխությունների առաջարկվող նախագիծը փոփոխություններ է կատարում գարեջրի սահմանման մեջ, որն ամրագրված է տեխնիկական կանոնակարգում, համաձայն որի «թույլատրվում է օգտագործված ածիկի մասնակի փոխարինումը հացահատիկով եւ (կամ) դրա վերամշակված արտադրանքներով (հացահատիկային արտադրանքով)՝ պայմանով, որ դրանց ընդհանուր զանգվածը չի գերազանցում փոխարինված ածիկի զանգվածի 20 տոկոսը, այդ թվում՝ շաքար պարունակող մթերքների զանգվածը՝ ոչ ավելի, քան 5 տոկոսով»: