ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը հոդված է գրել, որում անդրադառնում է բենզինի գնի բարձրացմանը։ Հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.
«Նախ փաստենք՝ մեր երկրում 2020թ․ սկիզբ առած գնաճի բարձր տեմպն առաջանցիկ ավելանում է 2021թ․։
Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ եւ այստեղ)
- 2020թ․ դեկտեմբերին՝ 2019թ․ դեկտեմբերի համեմատ սպառողական գները միջինում աճել են 3,7 տոկոսով, իսկ միայն սննդամթերքինը՝ 5,5 տոկոսով,
- 2021թ․ հունվարին՝ 2020թ․ հունվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 4,5 տոկոսով, սննդամթերքինը՝ 6,8 տոկոսով,
- 2021թ․ փետրվարին՝ 2020թ․ փետրվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 5,3 տոկոսով, սննդամթերքինը՝ 7,9 տոկոսով։
Նման տեմպով 2021թ․ առաջին կեսին սպառողական գների ինդեքսն արդեն կրկնակի չափով կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։
Գնաճի ահագնացող այս տեմպը՝ ինքնին վերցված, լուրջ սպառնալիք է մեր երկրի սոցիալ-տնտեսական առնվազն կարճաժամկետ զարգացման համար։ Ավելին՝ մեր գնահատումներով վերը նշված ժամանակահատվածներում առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը շուրջ 2 անգամ գերազանցել է սննդամթերքի ընդհանուր գնաճի ցուցանիշները։
Ստորեւ՝ ամփոփ անդրադառնամ 2020-2021թթ․ վառելիքի շուկայում արձանագրվող գնային փոփոխություններին եւ ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին։
1. Պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ այստեղ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2020թ․ հունվարին եւ փետրվարին Հայաստանում բենզինի իրացման գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 եւ 0,8 տոկոսներով, երբ կայուն էր ՀՀ դրամի փոխարժեքը, իսկ 2019թ․ միջազգային շուկաներում վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։
2. Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից եւ իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։
3. ՏՄՊՊՀ-ն ընթացիկ ուսումնասիրության է ենթարկել միայն 2020թ․ դեկտեմբեր եւ 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները (աղբյուրը՝ այստեղ)։ Պետական այս մարմինը վառելիքի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ եւ ՀՀ դրամի արժեզրկմամբ։ Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին եւ 10 տոկոսով էլ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչեւ 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով։
4. Պաշտոնական վիճակագրության համաձայն բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, իսկ 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով (աղբյուրը՝ այստեղ)։ 2021թ․ մարտին բենզինի իրացման գինը աճել է եւս շուրջ 10 տոկոսով։
5. Փաստորեն, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը եւ ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, իսկ ներքին շուկայում բենզինի իրացման գինն աճել է ավելի բարձր տեմպով՝ շուրջ 15,4 տոկոս։
Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես եւ ավել չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տեւական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով եւ տեւողությամբ։
Բացասական այս միտումը պայմանավորված է մեր երկրում վառելիքի շուկայի պահպանվող մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել եւ ներքին շուկայում իրացնել 3-4 կազմակերպություններ։
Հետեւաբար, առարկայական չեն ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար ներկայացվող այն տեսակետը։ Բենզինի իրացման գների աճը փորձում են բացատրել նաեւ ներկրված բենզինի առավել մատչելի խմբաքանակների ավարտով եւ նոր՝ առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացմամբ: Իրական հիմքերի առկայության դեպքում բենզինի գնանկման բացակայությունը կամ անհամարժեքությունն էլ փորձում են բացատրել իբր թանկ գնով նախկինում ձեռքբերված խմբաքանակների առկայությամբ եւ դրանց վաճառքով։
Իրավիճակը համակողմանի գնահատելու նպատակադրման տեսանկյունից խնդրահարույց է նաեւ այն, որ ՏՄՊՊՀ-ի կողմից բենզինի շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը չի ներառել 2020թ․ առաջին կիսամյակը, երբ առկա էին բենզինի գնանկման իրական հիմքեր։
ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաեւ 2021թ․ ի հայտ եկած մի նոր երեւույթ։ Բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Օրինակ՝ շուկա մտած նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։
Այս նոր երեւույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետեւյալ հարցերը․
«Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվել է՞ բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարեւան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվում է՞ բենզին»։





























