Տնտեսական դաշտում եւս մենք ամեն օր կրում ենք պարտություններ, որոնք արտահայտվում են այս անգամ արդեն կորցրած ՀՆԱ, տնտեսական ակտիվության անկում, գների աննախադեպ աճ, մարդկանց իրական եկամուտների նվազում եւ որպես սոցիալական հետեւանք աղքատների եւ ծայրահեղ աղքատների թվի աճ: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:
Հարցին՝ ի՞նչ պետք է անեն իշխանություններն այս իրավիճակում, նա պատասխանեց. «Ուղղակի կանգնի մի պահ, հասկանա իրողությունները եւ անհետանա մեր կյանքից անհետեւանք: Ցանկացած ոլորտ եթե դիտարկենք, տեսնում ենք տոտալ ձախողումներ, անսահման անպատասխանատվություն:
Խոսում են տնտեսական ակտիվությունից. Երբ իրենք 2018-ին եկան իշխանության խոստանում էին երջանիկ կյանք, ծայրահեղ աղքատության վերացում, աղքատության էապես կրճատում եւ այլն: Հիմա 2020-ին 2017-ի համեմատ ունենք ՀՆԱ-ի անվանական արժեքի ընդամենը 10 տոկոսի աճ: Սա այն դեպքում, երբ այս ընթացքում մեր արտքին պարտքը աճել է 27 տոկոսով: Այսինքն երեք անգամ ավելի արագ վելացրել են արտաքին պարտքը, քան ՀՆԱ-ն»,-ասաց նա:
Տնտեսագետը նկատեց, որ ՀՆԱ-ի իրական աճը 3 տարվա ընթացքում ոչ թե 10 տոկոս է, այլ դրա կեսը, որովհետեւ այդ երեք տարիներին գները առնվազն 5 տոկոսով աճել են: Սա նշանակում է, որ իրենց խոստումներն ամբողջության ձախողել են: Կապիտալ ներդրումները նվազել են բոլոր հնարավոր ուղղություններով: Միայն 2020-ին պատիկներով է նվազել դրանց զուտ ներհոսքը, նաեւ ներքին ներդրումները: Էապես նվազել է նաեւ կապիտալ ապրանքների ներմուծումը»,-ասաց նա:
Անդրադառնալով աշխատավարձերին, Ավետիսյանն ասաց, որ աշխատավարձը 2-2,5 անգամ ավելի պակաս է աճել, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները. «2020 թվականի 9 ամիսների տվյալներով մոտ 50 հազար մարդ կորցրել է զբաղվածությունն ու եկամուտները»:





























