ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ընդունում է համայնքային գրադարանների հավատարմագրման 2021 թվականի հայտեր` համաձայն «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության «Հանրային գրադարանների հավատարմագրման կարգը եւ վկայականի ձեւը սահմանելու մասին» 2013 թվականի փետրվարի 8-ի N 187-Ն որոշման: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից։
Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ Հայաստանի Հանրապետության գրադարանները կարող են հավատարմագրվել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, որը տրվում է հինգ տարի ժամկետով, ինչի վերաբերյալ լիազորված պետական մարմինը տալիս է համապատասխան վկայական:
Գրադարանը կարող է հավատարմագրման հայտ ներկայացնել եւ ստանալ հանրային գրադարանի կարգավիճակ, եթե`
ունի իրավաբանական անձի կարգավիճակ,
ունի տպագիր արտադրանքի եւ այլ տեսակի փաստաթղթերի դասակարգված հավաքածու (իրականացվել է հաշվառում, ստեղծվել է գրադարանի տեղեկատվական համակարգը),
ունի պահպանության, հավաքածուների դասակարգման եւ գրադարանի գործունեության համար համապատասխան տարածք, գույք,
ապահովված է մշտական ֆինանսավորմամբ,
ունի լիազորված պետական մարմնի սահմանած գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշներին համապատասխան որակավորված մասնագետներ,
գրադարանից օգտվողներին մատուցում է գրադարանային ծառայություններ` անկախ նրանց սեռից, տարիքից, ռասայից, կրոնական դավանանքից, ազգությունից, ֆիզիկական վիճակից, բնակության վայրից, գտնվելու վայրից եւ այլ գործոններից, ինչպես նաեւ ապահովում է սպասարկման այլ միջոցներ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար,
օգտվում է միջգրադարանային բաժնութային համակարգից:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի մարտի 29-ից նոյեմբերի 25-ը` ժամը` 09:00-18:00-ն (աշխատանքային օրեր):





























