Կառավարությունների եւ համաշխարհային գործակալությունների ավելի քան 20 ղեկավարներ կոչ են արել համավարակին պատրաստվածության մասին միջազգային պայմանագիր կնքել, որը, ըստ նրանց, կպաշտպանի ապագա սերունդներին COVID-19-ից հետո: Առայժմ պարզ չէ, թե ինչպես կարող է նման համաձայնագիրը իրականում երկրներին ստիպել ավելի համախմբված գործել, հայտնում է AP-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեեսուսը եւ մի շարք ղեկավարներ, այդ թվում՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեն, առաջարկել են ՄԱԿ-ի առողջապահական գործակալության միջոցով պատրաստականությունն ու արձագանքման համակարգերը ամրապնդելու «նոր հավաքական պարտավորություն» ստանձնել: «Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ սպասել համավարակի ավարտին, որպեսզի սկսի պլանավորել հաջորդը»,- մամուլի ասուլիսում ասել է Գեբրեեսուսը: Պայմանագիրը «միջազգային համագործակցության եւ համերաշխության հիմք» կապահովի եւ կլուծի այնպիսի հարցեր, ինչպիսիք են հսկողության համակարգերը եւ բռնկումներին արձագանքելը»,- ասել է նա:

Առողջապահությունը կարգավորող միջազգային կանոնները, որոնք կիրառվում են ԱՀԿ-ի կողմից, արդեն գոյություն ունեն, եւ երկրները կարող են անտեսել դրանք փոքր հետեւանքներով:

ԱՀԿ գլխավոր իրավաբան Սթիվեն Սողոմոնը հայտարարել է, որ համավարակի մասին առաջարկվող պայմանագիրը պետք է վավերացվի մասնակից երկրների օրենսդիրների կողմից: «Կատարման հատուկ գործոնները կորոշեն անդամ պետությունները»,- ասել է Սողոմոնը:

Եվրոպական խորհրդի նախագահ Չառլզ Միշելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերին առաջինն էր առաջարկել համավարակային պայմանագրի գաղափարը: Երեքշաբթի ճեպազրույցում միանալով Գեբրեեսուսին՝ նա ասել է, որ համաշխարհային հանրությունը պետք է «պաշտպանություն ստեղծի ապագա սերունդների համար, որը դուրս կգա այսօրվա ճգնաժամի շրջանակներից։ Դա անելու համար մենք պետք է քաղաքական կամքը վերածենք կոնկրետ գործողությունների»: