Հայաստանի իշխանությունները ցանկանում են համայնքապետերի ինստիտուտը դարձնել նշանակովի եւ մեկ մարդու դիկտատուրա հաստատել։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրել է, որ ընտրություններից հետո շարունակվում են զանգվածային բռնաճնշումները բոլոր նրանց դեմ, ովքեր չեն քվեարկել կամ հանդես չեն եկել ներկա իշխանության օգտին։
Նրա խոսքով՝ շարունակվում է ընտրված համայնքապետերի անօրինական ճնշումը, ինչը փորձ է՝ քայքայելու տեղական ինքնակառավարման ինստիտուտը, այն դարձնելու նշանակովի։ «Ճնշում է գործադրվում «Հայաստան» դաշինք մտած համայնքապետերի եւ նրանց հանդեպ, ովքեր ներկա իշխանություններից տարբեր դիրքորոշում են ունեցել։ Խախտումների բոլոր փաստերը մենք կհանձնենք նաեւ միջազգային կազմակերպություններին եւ միջեցներ կձեռնարկենք մեր կողմնակիցների իրավունքների պաշտպանության համար։ Իշխանությունները ցանկանում են հասնել իրենց անհարմար համայնքապետերի հրաժարականին, նրանց փոխարեն նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնք կենթարկվեն իրենց։ Դա ուղղված է այն բանին, որպեսզի հաղթանակի հասնեն ՏԻՄ առաջիկա ընտրություններում։ Իշխանությունները փորձում են հասնել համայնքապետերի հրաժարականներին, այդ թվում քրեական գործերի հարուցման սպառնալիքով եւ, ի վերջո, հաստատել մեկ մարդու դիկտատուրա»,- նշել է Սաղաթելյանը։
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը, իր հերթին, նշել է, որ համայնքապետերի հետապնդումը խտրականություն է ըստ քաղաքական հայացքների եւ համարվում է հանցագործություն։




























