Երեւանում, այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի եւ Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ սահմանադրական դատարանի հարեւանությամբ, բախվել են Երեւանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած BMW մակնիշի ռուսական համարանիշի եւ 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած BMW մակնիշի 55 DG 155 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները:
Ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, եւ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը, ով չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։





























