Մեր տարածաշրջանի շրջանակում Հայաստանը կարելի է համարել բավական հարուստ ջրային պաշարներ ունեցող երկիր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 9-ին ասել է հիդրոկենսաբան, երկրաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Երկրաբանության ԳՀԻ գիտքարտուղար Հրաչյա Շահինյանը։

Նրա խոսքով՝ ջրի ծավալը երկրում բավական զգալի է։

«Խոսքը, մասնավորապես, տեղումների, աղբյուրների, հանքային ջրերի, լճերի եւ ստորգետնյա ավազանների մասին է»,- պարզաբանել է գիտնականը՝ նշելով, որ հիմնական խնդիրը այդ պաշարների ոչ ճիշտ եւ անարդյունավետ օգտագործումն է։

Այսպես, խմելու ջրի հետ կապված հարցերին, Շահինյանի կարծիքով, անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել։

Հիմնական խնդիրը, ինչպես նշել է հիդրոկենսաբանը, կապված է Արարատի դաշտավայրում ջրային պաշարների օգտագործման հետ։

«Մոտավորապես 6-7 տարի առաջ Համաշխարհային բանկը ներկայացրել էր հաշվետվություն, որտեղ ասվում էր, որ Արարատյան դաշտի Բաղրամյան գյուղի շրջանում ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է 15 մետրով։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Էջմիածնի շրջանում, Վաղարշապատի մոտ, ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է 8 մետրով։ Դա, մեղմ ասած, աղետ է, որը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների»,- ընդգծել է Շահինյանը։

Ընդ որում՝ նա տեղեկացրել է, որ իրականացվել են որոշակի աշխատանքներ՝ ուղղված հնարավոր սպառնալիքների չեզոքացմանը, բայց դա, գիտնականի խոսքով, բավարար չէ։