Լուսնի ուղեծրի շեղումը կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացման հետ մեկտեղ կհանգեցնի ռեկորդային ջրհեղեղների ամբողջ աշխարհում հաջորդ տասնամյակում:
Հետազոտությունում, որն անցկացրել է ՆԱՍԱ-ն եւ Հավայան համալսարանը, ուսումնասիրվել է ծովի մակարդակի շարունակական բարձրացումն ու սարսափելի իրավիճակը, որի հետ առափնյա քաղաքները կբախվեն հաջորդ լուսնային տատանման ժամանակ, հաղորդում է CBS News-ը:
Այսպես կոչված տատանումը, որը տեղի է ունենում Լուսնի վրա, բնական երեւույթ է, որն առաջին անգամ արձանագրվել է 1728 թվականին եւ տեղի է ունենում յուրաքանչյուր 18,6 տարին մեկ, ինչը հանգեցնում է մակընթացության եւ տեղատվության փոփոխմանը:
«Լուսնի 18,6-ամյա ցիկլի կեսերին Երկրի վրա պարբերական օրական մակընթացությունը ճնշվում է. մակընթացությունը նորմայից ցածր է, իսկ տեղատվությունը՝ նորմայից բարձր»,-հայտարարել է ՆԱՍԱ-ն: «Ծովի մակարդակի գլոբալ բարձրացումը ուղղում է տեղատվությունը միայն մեկ ուղղությամբ՝ դեպի վերեւ: Այդկերպ 18,6-ամյա լուսնային ցիկլի կեսը հակազդում է տեղատվության ժամանակ ծովի մակարդակի բարձրացմանը, իսկ մյուս կեսն ուժգնացնում է արդյունքը»:
Չնայած տատանումն ինքնին չի առաջացնում աղետներ՝ գիտնականները հայտնաբերել են, որ մակընթացության ժամանակ հաջորդ ջրհեղեղը կլինի շատ ավելի վաղը, եթե հաշվի առնենք կլիմայի փոփոխության պատճառով ծովի մակարդակի բարձրացումը:
Ակնկալվում է, որ ջրի մակարդակի բարձրացումը լուրջ վնաս կհասցնի ենթակառուցվածքին եւ կհանգեցնի առափնյա համայնքների տեղափոխմանը:
2019 թվականին NOAA-ն գրանցել է ավելի քան 600 աղետալի ջրհեղեղ, իսկ հետազոտողները կանխատեսում են, որ 2030 թվականների կեսերին դրանց թիվը կավելանա երեք-չորս անգամ ծովի մակարդակի բարձրացման եւս մեկ տասնամյակից հետո:





























