Office 97-ի շրջանի վիրտուալ կերպարը, որը հայտնի է Clippy անունով, նորից կհայտնվի Microsoft-ի հավաքածուում եւ կինտեգրվի նաեւ մի շարք այլ ծրագրերում: Սակայն այս անգամ այն բոլորովին այլ առաջադրանք կկատարի, հայտնել է BBC News-ը:
Clippy-ը պարզեցված վիրտուալ օգնական էր, որը Microsoft Office-ի օգտատերերին խորհուրդներ եւ ուղեցույցներ էր առաջարկում 1997-ից մինչեւ 2000-ականների կեսերը: Դրա անընդհատ բացվող պատուհանները, որոնք «օգնություն» էին առաջարկում ամենապարզ առաջադրանքների, օրինակ` նամակ գրելու համար, շատերին էին զայրացնում:
Clippy-ն կփոխարինի Microsoft 365-ի իր արտադրանքում գոյություն ունեցող սմայլիկը՝ ներառյալ ամպային ծառայությունները եւ Microsoft Office-ի ժամանակակից առցանց տարբերակը, Թվիթերում գրել է տեխնոլոգիական հսկան եւ ժամերի ընթացքում ստացել է ավելի քան 100.000 «հավանում»:
Microsoft-ը նախատեսում է թարմացնել 900 սմայլիկներ, որոնք հասանելի են Teams-ում, իսկ հետագայում էմոջիների 3D տարբերակները կօգտագործվեն նաեւ առցանց ծառայություններում: Ընկերությունը խոստացել է առաջիկա ամիսներին թողարկել համապատասխան թարմացումները:





























