Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջոցառումները խստացնելու մասին հանգեցրել է նրա վարկանշի կտրուկ անկման երիտատասարդների շրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 21-ից «սանիտարական հավաստագիրը», որը պարունակում է տեղեկատվություն արված պատվաստման կամ ՊՇՌ թեստի մասին, կդառնա պարտադիր 12 տարեկանից բարձր բոլոր բնակիչների համար երկրում՝ որպես մշակութային եւ զվարճանքի վայրեր այցելելու թույլտվություն: Ընդ որում՝ ՊՇՏ թեստերը, որոնք կատարվում են առանց բժշկի ցուցման, աշնանը Ֆրանսիայում կդառնան վճարովի:

Կարանտինի միջոցառումները խստացնելու հետեւանքով շուրջ հարյուր տարբեր բողոքի ցույցեր են տեղի ունեցել հուլիսի 17-ից Ֆրանսիայում ընդդեմ «սանիտարական հավաստագրի» եւ առողջապահության ոլորտի աշխատակիցների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման: Որոշ քաղաքներում զանգվածային ակցիաներ են անցկացվել՝ չնայած իշխանությունների արգելքին, սակայն ոստիկանության հետ բախումների մասին չի հաղորդվում:

Բողոքի ակցիայի որոշ մասնակիցներ իրենց վրա փակցրել են Դավթի դեղին աստղ, որը Հոլոքոստի ժամանակ հրեաներին առանձնացնելու խորհրդանիշն էր: Մյուսների ձեռքերում եղել են պաստառներ, որոնցում Մակրոնը համեմատվում էր Հիտլերի հետ, իսկ պատվաստումների քաղաքականությունը՝ Ֆաշիզմի հետ: