Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով եղել է Միջազգային ավիատիեզերական սրահում (МАКС), չի խախտել իր ավանդույթը եւ պաղպաղակ է փորձել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

МАКС այցելելով՝ պետության ղեկավարը սովորաբար հայրենական պաղպաղակ է գնում, ընդ որում՝ մեծ քանակությամբ` հյուրասիրելով իրեն ուղեկցողներին, նախարարներին կամ արտասահմանցի գործընկերներին: Այս անգամ նախագահի համար «Коровка из Кореновки» ապրանքանիշի պաղպաղակ են բերել` վարդագույն փոքրիկ ճամպրուկով, երբ նա եւ պատվիրակության անդամները ամբիոնից դիտելիս են եղել թռիչքային ծրագիրը: Պաղպաղակով մի մարդ MC-21-300 միջին հեռահարության ինքնաթիռի թռիչքից անմիջապես հետո հայտնվել է ծածկի տակ ամբիոնում եւ ուղիղ գնացել է նախագահի մոտ: Պուտինը վերցրել է վանիլային կոն, արագ ուշադրություն դարձրել փաթեթավորմանը, որից հետո բացել եւ համտեսել պաղպաղակը:

Նրա կողքին նստած արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովը նույնպես պաղպաղակ է վերցրել: «Դենիս, դու վճարեցի՞ր»,- կատակել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը, ով նստած է եղել նախագահի մյուս կողմում: Մանտուրովը ժպտալով գլխով է արել: Պատվիրակության մնացած անդամները ծիծաղել են:

«Բոլորին [պաղպաղակ] բաժանեք»,- խնդրել է նախագահը: Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Յուրի Սլյուսարը ձեռքը մեկնել է կոնին եւ հարցրել, թե արդյոք դա շոկոլադե է: Պաղպաղակագործն ի պատասխան գլխով է արել, Սլյուսարը նրան շնորհակալություն է հայտնել:

MAKS-2019-ին Պուտինն ինքն էր պաղպաղակ գնել եւ վճարել 5000 ռուբլի թղթադրամով` խնդրելով մանրը տալ Մանտուրովին՝ « ավիացիայի զարգացման համար»: Վերջինս իր հերթին ծիծաղել էր եւ շնորհակալություն հայտնել նախագահին առատաձեռնության համար: