Գուանտանամոյի բանտի փակումից հետո բանտարկյալներին, ամենայն հավանականությամբ, սպասվելու է այն նույն ճակատագիրը, ինչ նրանց համար նախատեսված էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք։ Նրանց մի մասը կուղարկվի հայրենիք, մյուսները՝ ԱՄՆ բանտեր, ասել է Ջորջթաունի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Դեւիդ Լուբանը «Լենտա.ռու»-ի մեկնաբանությունում։
Լուբանը բացառել է տարբերակը, որի դեպքում բանտարկյալների մի մասը Գուանտանամոյի փակումից հետո կարող է հայտնվել մեկ այլ գաղտնի բանտում՝ այսպես կոչված «սեւ կետում» (black site)։ Իրավաբանը հիշեցրել է, որ այդպիսի բոլոր օբյեկտները պաշտոնապես փակվել են շատ տարիներ առաջ։ Նրա խոսքով՝ հավանականությունը, որ ինչ-որ գաղտնի հրամանագրով թույլատրվել է նոր «սեւ կետերի» շինարարությունը, մոտ է զրոյին։
«Համենայնդեպս, անիմաստ է, որ Բայդենի վարչակազմը ստիպի այդ մարդկանց «անհետանալ» ինչ-որ գաղտնի օբյեկտում։ Դա ոչ միայն անօրինական կլիներ, այլեւ առաջ կբերեր զայրույթ ամբողջ աշխարհում, ԱՄՆ դաշնակիցների ու հակառակորդների շրջանում, ինչպես նաեւ երկրի ներսում։ Նման բան երբեք տեղի չի ունենա»,- ընդգծել է Լուբանը։
Հուլիսի 3-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն արգելել է ֆինանսավորել Գուանտանամոյի բանտը իր բյուջեից 2022թ. սեպտեմբերի 30-ից հետո։ Հուլիսի 19-ին ամերիկյան իշխանությունները որոշում ընդունեցին այն մասին, որ Մարոկո հայրենադարձվի Գուանտանամոյի 56-ամյա բանտարկյալ Աբդուլ Լաթիֆ Նասիրը։ Վաշինգտոնում պարզեցին, որ նա այլեւս վտանգ չի ներկայացնում ԱՄՆ ազգային շահերին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին լրագրողներին հաստատեց, որ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է հասնել բանտի լրիվ փակմանը։
Բանտը փակելու առաջին փորձը նախաձեռնեց ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման՝ ստորագրելով համապատասխան կարգադրություն 2009թ. հունվարին։ Այդ որոշումը չկատարվեց հանրապետական կոնգրեսականների դիմադրության պատճառով։ 2018թ. ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման արձակեց բանտը պահպանելու մասին՝ չեղարկելով իր նախորդի կարգադրությունը։





























