ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի Հայաստան այցելությանը:
«Քիչ առաջ պարզ դարձավ, որ ԵԽԽՎ թուրք նախագահ, Թուրքիայի իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցության անդամ, իր հայատյաց հայտարարություններով հայտնի Թուրքիո վարչապետ Էրդողանի „մտերիմ ընկեր“ Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանում գտնվելիս չի այցելելու Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք չի մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մենք՝ հնչակյան երիտասարդներս, վստահ ենք, որ Չավուշօղլուի նման լկտի պահվածքը վիրավորական է ողջ հայության՝ այդ թվում եւ Հայաստանի իշխանությունների համար:
Կոչ ենք անում, որպեսզի Հայաստանի բարձրագույն իշխանությունները չընդունեն նրան, իսկ վերջինիս համար ընդունելությունը կազմակերպի ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչներից որեւիցե մեկը:
Անարգանքը պետք է հավասարազոր պատասխան ստանա»,- ասված է հայտարարության մեջ:




























