«Հայաստանում գործող ուժերը պայմանական կանվանեի ագահ ուժեր, գիշատիչ ուժեր եւ նրանք, ովքեր ուզում են այդ ագահության եւ գիշատիչության շրջանակից դուրս բերել երկիրը»,- այսպիսի հայտարարություն է արել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Աշոտ Մանուչարյանը: NEWS.am-ը փորձեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանից պարզել՝ արդյոք ՀՀԿ-ն ինչպիսի ուժ է՝ գիշատիչ, թե երկիրը գիշատիչության շրջանակից դուրս բերող: «Դա էմոցիոնալ հայտարարություն է, տեսակետ, որը կարող ենք ընդունել, կամ չընդունել»,- ասաց Գ.Սահակյանը՝ շարունակելով. «ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, որը փորձում է երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել»: Իսկ ո՞ր ուժերին եք համարում գիշատիչ ու ագահ՝ NEWS.am-ի մյուս հարցին էլ Գ. Սահակյանը պատասխանեց. «Հայաստանում ընդհանրապես չկան գիշատիչ ուժեր»:

Մեկ այլ ՀՀԿ-ական՝ ԱԺ պատգամավոր Վազգեն Կարախանյանը, նույն հարցերի վերաբերյալ ասաց. «ՀՀԿ-ն այն ուժն է, որը միշտ եղել է արցախյան ազատամարտի առաջամարտիկը: Այն, ինչ ասել է Աշոտ Մանուչարյանը, ես չէի ցանկանա մեկնաբանել, որպեսզի դուելի մեջ չմտնեմ նրա հետ»: Վ.Կարախանյանը ասաց նաեւ, որ գուցե ՀՀԿ-ում կան «գիշատիչներ», «ագահներ», բայց կուսակցության ընդհանուր գաղափարախոսությունը, որդեգրած ճանապարհը միտված է ազգային շահերին: «Մի մոռացեք, որ ՀՀԿ հիմնադիրը եղել է Աշոտ Նավասարդյանը, որը երբեք այդպիսի արժեքային համակարգով չի առաջնորդվել»,- ասաց պատգամավորը: Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ր ուժին է համարում գիշատիչ, Կարախանյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, գիշատիչ բառը մի քիչ վտանգավոր բառ է, եւ ես կդժվարանամ որեւէ մեկին անվանել այդպիսին: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք գիշատիչ են, բայց կան ուժեր, որոնք իրենց մտածողությամբ մի քիչ հեռու են ազգային, գաղափարական, պայքարային համակարգից»: Իսկ որո՞նք են այդ ուժերը: «Օտարածին հայախոսները»,-ասաց Կարախանյանը:

Իսկ ահա ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը բարկացավ՝ լսելով Մանուչարյանի հայտարարությունն ու անջատեց հեռախոսը: