Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր՝ մայիսի 12-ին սկսում է իր պաշտոնական այցն Անկարա: Թուրքիայի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի իր թուրք գործընկերոջ՝ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, քննարկվելու հարցերի շարքում գլխավորներն են երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական կապերը, մասնավորապես՝ ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում առաջին ատոմակայանի շինարարության հարցը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյի խոսքով, Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են ԱԷԿ-ի կառուցման պայմանները:

Ռուսական կապալառուներն իրենց վրա պարտավորություն են վերցնում ֆինանսավորել նախագիծը, թուրքական կողմը չի մասնակցելու ֆինանսավորմանը:

Պրիխոդկոն հավելել է նաեւ, որ նախագահի այցի ընթացքում ստորագրվելու են «նշանակալից տնտեսական պայմանագրերը»: Մասնավորապես՝ հաղորդվում է ռուսական գազի գինը 10 տոկոսով կրճատեու մասին:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում՝ նախագահ Գյուլի հրավերով: Մինչ այդ նա եղել է Սիրիայում, որտեղ հանդիպել է նաեւ «Համաս» խմբավորման առաջնորդներից Հալեդ Մաշաալի հետ: