«Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ»,-ելույթ ունենալով ԵԽ նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանին, խոսելով մադրիդյան փաստաթղթի լրամշակված սկզբունքների մասին, նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նա հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներում ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:

Է. Նալբանդյանը հիշեցրել է, որ 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված ԼՂ վերաբերյալ հայտարարության հիմքում ընկած են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականությունը, ապա հավելել, որ այդ փաստաթղթերի գոյությունն անգամ մեկ տարուց ավել հերքվում էր Ադրբեջանի կողմից:

«Ելնելով նախորդ տարիների փորձից՝ ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը՝ հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում և դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են: Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին՝ Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»,-իր ելույթում ասել է Նալբանդյանը: