Մենք ցավում ենք նման ելքի համար: Շվեյցարիան ցանկանում է, որ այդ արձանագրությունները վավերացվեն հնարավորինս շուտ: Իհարկե, մենք պատրաստ ենք հետայսու եւս օգնություն ցուցաբերել այդ գործընթացում: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը Ստրասբուրգից, այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի Ռեյը՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նշենք, որ Շվեյցարիան միջնորդ էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն անցած տարվա հոկտեմբերին ստորագրեցին արձանագրությունները: Ապրիլի 22-ին Հայաստանը դադարեցրեց վավերացման գործընթացը՝ Թուրքիային մեղադրելով նախապայմաններ առաջ քաշելու մեջ:




























