«Ժառանգությունը» չի խուսափում լավ կամ վատ հանդիպումներից. քաղաքականությունն այն վայրը չէ, որտեղ ընտրում ես զրուցակցիդ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու «Ժառանգության» որոշումը։

Նշելով, որ վերջինս պաշտոնատար անձ է եւ դեռ դեր է խաղալու ԵԽԽՎ-ում, Լարիսա Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ իրենք Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ պետք է ցույց տան, թե ինչ մոտեցում ունեն այդ անձի եւ նրա դիրքորոշումների նկատմամբ: «Մենք դա ասելու ենք միջազգային փորձում բոլոր ընդունված կոշտ միջոցներով, թե ինչպես ենք վերաբերում նրան եւ ինչ ենք առաջարկում»,- նշեց նա։

Ամփոփելով՝ Ալավերդյանը նկատեց, որ Թուրքիայի՝ ԵԽԽՎ ձեւաչափով ղարաբաղյան հարցում ավելացող հետաքրքվածությունը խոսում է Հայաստանի պասիվության մասին. «Ես դա գնահատում եմ իբրեւ մեր երկրի ցուցաբերած պասիվության պատասխան»։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ժամանում է Հայաստան։