Առաջիկայում ղարաբաղյան կարգավորման հարցով կայանալու է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանն այստեղ հատուկ առաքելություն ունի: Մենք հակամարտության կողմ չենք, մենք միջնորդ ենք, բայց բավական ակտիվորեն ներգրավված ենք գործընթացում: Ես ինքս էլ աշխատում եմ այդ ուղղությամբ եւ շարունակելու եմ աշխատել: Մեր արտգործնախարարներն էլ են հանդիպում, եւ առաջիկայում նման մի հանդիպում կլինի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով, վերջին շրջանում «ղարաբաղյան կարգավորման գործընթացում բավական հուսադրող քայլեր են կատարվել»:

«Կողմերը հանդիպում են, շփվում, եւ իրականում շատ հարցերի առումով առաջընթաց կա: Բայց դա չի նշանակում, որ այսօր համաձայնության են հասել: Ես ինքս էլ անձամբ մի քանի անգամ առաջարկել եմ իմ միջնորդական ծառայությունները»,- ընդգծել է ՌԴ նախագահը: