Մայիսի 11-ին, ժամը 10-ին Ապարանի «Էներգոցանցշին» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Լալվար լեռան ստորոտին, տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են էլեկտրական սյուներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 10.30-ին դեպքի վայր են մեկնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության, «Էներգոցանցշինի», «ԲԷՑ» ՓԲԸ-ի եւ Լոռու մարզային փրկարարական վարչության համապատասխան մասնագետները:

Դեպքի վայրում պարզվել է, որ Բուրդաձորի (Լալվարի) սահմանային ուղեկալի տարածքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով ընկել են բարձր լարման հոսանքի էլեկտրասյուներ, հոսանքազրկվել է ուղեկալը:

Մայիսի 12-ի, ժամը 8-ի դրությամբ` «ԲԷՑ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից շարունակվում են վթարավերականգնողական եւ ուղեկալի հոսանքի վերականգնման աշխատանքները:

Բացի այդ, մայիսի 12-ին, ժամը 8.23-ին եւ ժամը 17.55-ին ահազանգեր են ստացվել Երեւանի Սայաթ-Նովայի 1 եւ Բայրոնի 5 հասցեներում բռնկված հրդեհների մասին: Դեպքի վայրեր է մեկնել մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհները մեկուսացվել են եւ մարվել, համապատասխանաբար՝ ժամը 08.40-ին եւ 18.50-ին: Շենքերի բակերում այրվել են բարձր լարման էլեկտրական վահանակներ եւ մալուխներ: