Մայիսի 13-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ բնակավայրի մերձակայքում:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումն անց է կացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը (Հունգարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռու տարածությունից:




























