ԼՂՀ վարչապետի մարտի 13-ի որոշման համաձայն, ընթացիկ տարվա մարտի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը հայտարարվել էր ծառատնկման, սանիտարական մաքրման եւ այլ բարեկարգման աշխատանքների միամսյակ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, նույն որոշմամբ, ԼՂՀ նախարարությունները, կառավարությանն առնթեր պետական կառավարման մարմինները, գործադիր իշխանության տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները, միամսյակի արդյունքներով, պետք է սահմանված ձեւով հաշվետվություն ներկայացնեն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն:

Միամսյակի ընթացքում կատարված աշխատանքների մասին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն ներկայացվել են 37 հաշվետվություններ, որոնց ամփոփ արդյունքներով՝ հանրապետությունում սանմաքրման են ենթարկվել 1221.2 հազար քմ, կանաչապատվել 65.1 հազար քմ տարածք, տնկվել է 17005 ծառ, լուսավորման նպատակով ծախսվել է 3520.0 հազար դրամ,այլ բարեկարգման աշխատանքների համար՝ 12157.8 հազար դրամ: