Մայիսի 13-ին, ժամը 9.30-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գյումրիի Աբովյան փողոցի 1-ին նրբանցքի 86-րդ տան պատը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է 1930-ական թվականներին կառուցված միահարկ քարաշեն տան հյուրասենյակի պատը՝ 8 քմ մակերեսով:

Տուժածներ չկան: Բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ անվտանգության հարցերով:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանը:

Նույն օրը, ժամը 9.45-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Գավառի Սայաթ-Նովա փողոցի 15-րդ տան՝ մոտ 50 քմ մակերեսով պատը, ինչի հետեւանքով փակվել է Գավառ գետի ջրանցքի հունը: Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 10.27-ին փրկարարների ուժերով բացվել է հունի մեկ մետրանոց հատվածը:

Ջրի մակարդակի բարձրացում տեղի չի ունենում: Տուժածներ չկան: