«Ցավոք սրտի, կրթության նախարար Արմեն Աշոտյանը մի բան է թույլ տվել, որն իսկապես ընդունելի չէ, երբ նա թերթերում հայտարարում է, որ կրթության նախարարը շատ լավ գիտի, թե ում երեխան որտեղ է սովորում։ Բայց սա զենք դարձնել ինչ-որ մեկի բերանը փակելու կամ ինչ-որ փաստերի հրապարակման սպառնալիքի տակ իր դիրքորոշումն իբր հիմնավորելու համար այնքան էլ ճիշտ չէ»,- այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԳ նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Հիշեցնենք, որ մամուլում Ա. Աշոտյանը հայտարարել էր, որ կհրապարակի այն մարդկանց անունները, որոնք դեմ են արտահայտվում օտարալեզու դպրոցների բացմանը, սակայն իրենց երեխաներին օտար լեզվով կրթության են տալիս:

Բ. Եսայանի խոսքով, իր երեխան սովորում է Թաիլանդում, սակայն դա ոչ թե օտար կրթություն է, այլ Հայաստանում ստացած կրթության զարգացում։ «Սրանք տարբեր բաներ են։ Սա փաստարկ չէ, թե ում երեխան որտեղ է կրթություն ստանում. նրանք որակյալ կրթություն են ուզում ստանալ, եթե այստեղ լիներ, այստեղ կստանային»,-նշել է ԿԳ նախկին փոխնախարարն ու հավելել, որ առաջին լեզուն, որի վրա պետք է կառուցվի երեխայի հետագա կրթությունը, իր մայրենի լեզուն պետք է լինի։

«Երբ հայկական լեզվամտածողություն ունեցող երեխային փորձում ես օտար լեզվով կրթություն ապահովել, նա կորցնում է ե՛ւ իր մայրենի լեզուն, ե՛ւ չի կարող ձեռք բերել օտար լեզու, որովհետեւ ամբողջ շրջապատը մնում է հայերենով եւ հայկական լեզվամտածողությամբ»,-նշել է նա։

Բացի այդ, նախկին փոխնախարարը համարում է, որ այդ հարցը չպետք է քաղաքականացնել: «Ես չէի ուզի, որ ՀՀԿ խմբակցության անդամները „մունդիրի“ պատիվը պաշտպանելու համար եւ այն պատճառով, որ Դաշնակցությունը կամ ՀԱԿ-ը դեմ են այս նախաձեռնությանը, ուղղակի, շատ կներեք, „կողի ընկնելով“, կողմ քվեարկեն օրենքին»,- նշել է Բագրատ Եսայանը: