Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը միակ հիմնական խնդիրն է, որը ծառացած է Ադրբեջանի առջեւ:

«Մեր դիրքորոշումը հիմնավորվոմ է միջազգային իրավունքի, միջազգային կազմակերությունների որոշումների վրա, եւ մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,-Ադրբեջանի հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նրա խոսքով, հայկական կողմի դիրքորոշումը հիմնավորված է իր ցանկությունների վրա, ինչը ոչ մի կերպ չի կարող լինել հակամարտության կարգավորման հիմք:

«Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքները պետք է ազատագրվեն: Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր ստիպված տարհանվել են, պետք է վերադառնան իրենց „պատմական“ հողերը, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղ: Հայկական եւ ադրբեջանական համայնքները պետք է ապրեն Լեռնային Ղարաբաղում ինքնավարության պայմաններում, մեկ ամբողջական ադրբեջանական հանրապետության կազմում: Սա սկզբունքային դիրքորոշում է: Այն հիմնվում է միջազգային իրավունքի եւ միջազգային հանրության կողմից ընդունված սկզբունքների վրա»,-հայտարարել է Ալիեւը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որն ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը, այսինքն «արդարության» կողմնակիցն է: Նրա խոսքով, Եվրախորհրդարանի մեկ շաբաթ առաջ ընդունած բանաձեւը եւս հիմնավորված է միջազգային իրավունքի նորմերի վրա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ՝ Ալիեւը նշել է, որ տարածաշրջանային գործընթացները եւս մեկ անգամ փաստում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարածաշրջանում Հայաստանի մասնակցությամբ ոչ մի համագործակցության չի կարող լինել, եւ ոչ մի այլ հարց չի կարող լուծվել:

«Հայկական կողմը մեծ հույսեր ուներ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, այդպիսով կհայտնվեր այլընտրանք եւ արցախյան հարցը մի կողմ կդրվեր: Սակայն կյանքը եւ թուրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խաթարեց բոլոր պլանները»,-նշեց նա՝ հավելելով, որ ժամանակը ցույց տվեց՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել: