Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, Ալեն Սիմոնյանն՝ իր ընկերների հետ մեկնում է Միկոնոս՝ տժժալու, պետբյուջեի հաշվին գրեթե 200 հազար դոլարանոց BMW պադավատ է գնում, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ժամեր առաջ արած ֆեյսբուքյան այն գրառմանը, թե Հայաստանը գտնվում է «իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», իսկ այդ պահին ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում:
«Կրկին պետբյուջեի հաշվին ռեմոնտ է անում կառավարական ամառանոցը՝ այնտեղ տեղափոխվելու համար, և որ ամենավտանգավորն է՝ հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական սկանդալի պատճառ է դառնում, նաև հայտարարում է, որ իր համար գերիները չկան»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»։





























