Ռուսաստանում մշակված սարքերը տեխնիկական բնութագրերով գերազանցում են թուրքական Bayraktar գրոհային անօդաչու սարքին։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
«Ռուսական մշակումները ոչ միայն չեն զիջում, այլեւ տեխնիկական բնութագրերով գերազանցում են ձեր նշած անօդաչու համակարգին»,- ասել է Բորիսովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք ռուսական անօդաչու թռչող սարքերը մրցել Bayraktar-ի հետ։
Նրա խոսքով, այս տեսակի տեխնիկայի հայտ կա։ «Իհարկե, մենք այս շուկայում խաղալու հնարավորություն ունենք։ Ցավոք, մի փոքր ուշ մտանք այնտեղ։ Այն պատմականորեն զբաղեցրել են իսրայելական, ամերիկյան, չինական արտադրողները, ովքեր վերջին հինգ-վեց տարիներին ակտիվ են եղել շուկայում եւ իրենց շատ դինամիկ, նույնիսկ ագրեսիվ են պահում: Բայց Ռուսաստանն այս առումով շանսեր ունի»,- նշել է Բորիսովը:
«Վերջին ցուցահանդեսը Դուբայում, որտեղ մենք արդեն ներկայացրել ենք մեր նմուշները, կբացի մեկ այլ շուկայական տեղ, եւ Ռուսաստանը կարող է մտնել այս տեսակի զենք արտահանող երկրների ակումբ»,- ընդգծել է նա։





























