Ամփոփվեցին Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Աշխարհն առանց թափոնների» նախագծի արդյունքները: Նախագծի ամփոփման միջոցառմանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա ընկերության Հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը, ինչպես նաև շահառու դպրոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Աշխարհն առանց թափոնների հայեցակարգը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենասյուներից մեկն է, քանի որ ընկերությունը մեծապես կարևորում է թափոնների կառավարման ու վերամշակման մշակույթի ձևավորումն ու ամրապնդումը Հայաստանում։ Ընկերությունը մի շարք ծրագրեր է իրականցրել ու շարունակում է իրականացնել՝ ուղղված թափոնների կայուն կառավարմանը և շրջանաձև տնտեսության ձևավորմանը։ «Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս միտված էր իրազեկվածության բարձրացմանը հատկապես դպրոցահասակ երեխաների շրջանում, ովքեր մեկ անգամ ևս սովորեցին, որ յուրքանչյուր շիշ ունի երկրորդ կյանք, և տեսակավորելով նրանք այդ շշին նոր կյանք են տալիս»,- նշեց «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։

Նախագծի շրջանակներում Երևանի 50 դպրոցներում տեղադրվեց թվով 200 տեսակավորման աման նախատեսված պլաստիկե և թղթե թափոնների համար, իրականացվեց առցանց և անցանց դասընթացների շարք ընտրված դպրոցների ավելի քան 2,050 6-րդ դասարանցիների համար, մշակվեց աշխտանքային ձեռնարկ աշակերտների համար, ինչպես նաև իրականացվեց դասընթացավարների դասընթաց ընտրված 3 դպրոցների ուսուցիչների համար:

Բոլոր ընտրված դպրոցները, նախագծի մեկնարկից ի վեր, տեսակավորում էին թափոնները, որի արդյունքում հավաքվեց մոտ 4000 կգ թափոն, որն իր հերթին Երևանի քաղաքապետարանի կողմից տեղափոխվեց համապատասխան վերամշակման կայան: Մեկ աշակերտի հաշվով ամենաշատ թափոն հավաքած երկու դպրոց ստացավ մրցանակ և ևս մեկ դպրոց ստացավ հատուկ մրցանակ՝ կատարած սոցիալական և բնապահպանական կարևոր աշխատանքրի համար:

Հիշեցնենք, որ նախագիծն ուղղված է բարելավելու թափոնների կառավարման համակարգը Հայաստանում՝ աջակցելով տեղական նախաձեռնություններին, որոնք կենտրոնանում են թափոնների հավաքագրման և վերամշակման մշակույթի ձևավորման և գործնական աշխատանքների իրականացման վրա: Դպրոցականների մոտ կրթական ծրագրերի միջոցով թափոնների տեսակավորման մշակույթի ձևավորումը կարևոր նշանակություն ունի բնակչության վարքագծի և թափոնների կառավարման համակարգի արդյունավետ գործունեության վրա։