Մարդիկ ամենաանբարո կերպով ասում են, որ մենք ենք դիմել դատարան, ինչի արդյունքում կալանավորել են «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա վստահեցրեց, որ դատարան դիմելը կապված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մանդատների բաշխման հետ, իսկ մեկը մյուսի հետ կապված չէ: Նրա խոսքով` երեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժերին պատկանող լրատվամիջոցները փորձել են Ասլանյանի կալանքը «գցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրպանը, ինչն իրականության հետ կապ չունի։ «Ասլանյանի հետ ջերմ հարաբերությունների մեջ ենք։ Նա գիտի, որ սեպտեմբերին իր դեմ հարուցված քրեական գործի հետ մեր կուսակցությունը կապ չունի եւ չի կարող ունենալ։ Այս հարցով Մամիկոն Ասլանյանն ինքը պետք է մեկնաբանություն տա»,- նշեց Մարուքյանը, ում եղբայրը 2016-ի ընտրություններում Ասլանյանի հիմնական մրցակիցն էր Վանաձորում։

Կուսակցության ղեկավարը անհամաձայնություն հայտնեց նախորդ հինգ տարիներին Ասլանյանի վարած քաղաքականության հետ։ «Բայց նույնիսկ հաշվի առնելով այն, ինչ նա արել է իմ եւ իմ թիմի նկատմամվ այս ընթացքում, ես միանում եմ նրան ազատ արձակելու կոչերին: Ես կարծում եմ, որ նա կարող է մնալ ազատության մեջ»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ երկրում խոսքի ազատությունը տոտալ ճնշված է, մամուլում ժողովրդից գողացված մեծ գումարներ են շրջանառվում՝ այս կամ այն ​​ուժի վարկանիշը բարձրացնելու կամ իջեցնելու համար։ «Օրինակ, միջանցքների հարցի շուրջ բանավեճ չկա, քանի որ փորձագետները չեն ցանկանում, որպեսզի իրենց վիրավորեն»,- պարզաբանեց Մարուքյանը։

Նա շարունակում է համարել, որ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն բերեցին երկրին։ «Սակայն հեղափոխությունից հետո քաղաքական համակարգը չի առողջացել եւ շարունակում է գլորվել անհայտ ուղղությամբ։ Հիմնական խնդիրը հասարակության մեջ կոնսոլիդացիայի բացակայությունն է»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ընդ որում, հետապնդումը սկսվեց դեկտեմբերի 5-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նրա ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո։