Բանագնացների էությունն այն է, որ իրենք թղթին հանձնեն այն խնդիրների շրջանակները, որոնք այսօր գոյություն ունեն մեր Հայաստանի և Թուրքիայի միջև երկրների մեջ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։ «Բանագնացները խնդիրների հետ կապված պետք է լսեն կողմերի գնահատականները։ Բանագնացներն այդ խնդիրները երկու կողմից կքննարկեն իրենց ղեկավարությունների հետ, և այդպես քայլ առ քայլ խնդրահարույց կետերի շուրջ կգան համաձայնության։ Այնպես չէ, որ Ռուբեն Ռուբինյանը կամ մյուս կողմի ներկայացուցիչը պետք է որոշեն միջպետական հարաբերությունների ֆորմատը։ Փորձը, որն իհարկե կարևոր բան է, այս պարագայում պետք չէ համարել մեծ առավելություն։ Ռուբեն Ռուբինյանը կրթված, պատրաստված երիտասարդ քաղաքական գործիչ է, և կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա։ Մեր կողմից էլ, իրենց կողմից էլ նախապայմաններ չպետք է լինեն, որովհետև այն իրողության մեջ, որ մենք գտնվում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, եթե փորձենք հարաբերություններ կարգավորել նախապայմաններով, ոչինչ չի ստացվի»,- նշեց Աղազարյանը։
Հարցին, թե ինչու բանագնացի ընտրությունը կանգ առել հենց Ռուբինյանի վրա, Աղազարյանը պատասխանեց, որ նրա թեկնածությունը քննարկել է Կառավարությունը։
«Մենք՝ պատգամավորներս, հարցը քննարկելու հնարավորություն չենք ունեցել, որովհետև իրենց գործառույթներին է վերաբերում, դրա համար իրենք են որոշել»,- ընդգծեց Աղազարյանը։
Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվել Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։


























