Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
NEWS.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ ավագանու անդրանիկ նիստը երկար տեւեց, քանի որ իրավական խնդիրներ էին առաջացել։
«Մյուս երկու ուժերը նույնպես համայնքապետի թեկնածուներ էին առաջադրել, սակայն իրենք խմբակցություններ ձեւավորած չեն եղել, ըստ Ընտրական օրենսգրքի՝ միայն խմբակցությունները կարող են թեկնածու առաջադրել, որն իրենք այդ պահին չէին արել»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանի խոսքով՝ մյուս ուժերի անդամները համայնքապետի ընտրությանը չեն մասնակցել։
«10 ձայն է ստացել մեր թեկնածու։ Մեկ թեկնածուի պարագայում, եթե հավաքվում է 40 % ձայն, նա համարվում է ընտրված»,- ընդգծեց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 48,94%։ Արդեն նախկին համայնքապետի ղեկավար Դավիթ Մինասյանի ուժը՝ «Դավիթ Մինասյան դաշինքը» ստացել էր 23,51%, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 27,54%։




























