Հայաստանը շահագրգռված է սփյուռքում հայագիտական կենտրոնների պահպանմամբ, սակայն նրա հնարավորությունները սահմանափակ են։ Միաժամանակ, պետությունը պետք է պատրաստի որակավորված հայագետների, թուրքագետների, ադրբեջանագետների, որոնք նույնպես կաշխատեն արտերկրում։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Ինձ մտահոգում է այն, որ մենք լավ չենք ճանաչում մեր թշնամիներին։ Մենք պետք է ճանաչենք նրանց, որպեսզի հասկանանք՝ ինչպես պայքարել նրանց դեմ։ Մենք նրանց հետ ապրում ենք 11-րդ դարից, բայց դեռ չենք հասկանում, թե ում հետ գործ ունենք։ Մինչ այժմ մենք դա չենք արել եւ դրա պատճառով անընդհատ հարվածներ ենք ստանում նրանցից»,-հավելեց նա։
Պաշտոնյան նկատեց, որ առաջնահերթ խնդիրներից է սփյուռքի ձայնն ավելի լսելի դարձնելը։ «Այս առումով երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափար կա։ Կան նաեւ այլ լուծումներ։ Այս ամենի շուրջ պետք է քննարկում անցկացնել»,-ընդգծեց նա։
Սինանյանը հայտնեց, որ ստեղծվել է փակ տվյալների բազա, որտեղ կարտացոլվեն սփյուռքահայության տվյալները, ովքեր կարող են ներդրում ունենալ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։ ««իԳործ»-ի ծրագրով ժամանած 50 մասնագետներից կեսից ավելին հայրենադարձվել է։ Նրանցից 14-ն աշխատանքի է ընդունվել պետական համակարգում։ Ծրագրի եւս մեկ մասնակից տեղափոխվել է Արցախ»,-ասաց նա։ Նրա խոսքով՝ Հայաստանում կստեղծվի հայրենադարձների ինտեգրման կենտրոն, որը ծառայություններ կմատուցի արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն եւ անգլերեն մեկ պատուհանի սկզբունքով։





























