Կարեն Դեմիրճյանի թողած ավանդը մեր երկրի համար հսկայական է, իսկ այդ ավանդի մեջ տիկին Ռիման իր տեղն է ունեցել և իր ամուսնու հետ մասնակից է եղել այն բոլոր ծրագրերի կատարմանը, որոնք ի կատար ածվեցին պաշտոնավարման ընթացքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Արցախյան շարժման ընթացքում, երբ Կարեն Սերոբիչը պաշտոնաթող եղավ, այդ ընթացքում էլ համոզված եմ, որ տիկին Ռիման իր ամուսնու կողքին է եղել, և Կարեն Սերոբիչի վերադարձն առանց տիկին Ռիմայի հնարավոր չէր պատկերացնել։ Երբ Վազգեն Սարգսյանը որոշեց, որ Կարեն Սերոբիչի հետ միայն կարող է ձևավորել լեգիտիմ իշխանություն, գուցե, այդ պահին Հայաստանը քաղաքական ճգնաժամից հանելու լավագույն լուծումն էր։ Կարեն Սերոբիչի մեծությունը նաև դրա մեջ էր, որ ինքը զգաց, որ ուժը և կառավարման փորձը, երբ որ միավորվում են իրար, ստանում են ժողովրդի վստահությունը։ Հոկտեմբերի 27-ը խզեց այն ընթացքը, որը տրված էր Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միասնական ուժին՝ որպես լեգիտիմ կերպով ձևավորված իշխանություն։ Անխզելի կապ կա ամուսնական այս զույգի մեջ։ Հոկտեմբերի 27-ից հետո տիկին Ռիման ապրում էր՝ իր ամուսնու հիշողությունները պահելով»,- նշեց նա։