Հիմա մենք պրոբլեմ ունենք, երբ գործողություններ ենք անում, հետո դրանք գնում նույն դատական համակարգում վիճարկվում են եւ խոչընդոտներ են առաջանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը հրաժարվել է դատական համակարգում վեթինգի գաղափարից:
«Օրինակ գիտեք, որ ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունվել է 2017-ին, եւ մենք ասում ենք, որ կապ չունի, որ այդ ժամանակ է ընդունվել, մենք պետք է հնարավորություն ունենանք դրանից առաջ էլ հետ գնանք, տեսնենք՝ այդ գույքը ոնց է ձեւավորվել: Մենք նաեւ ասել ենք, որ ՄԻԵԴ-ում դատավճիռների հետեւից մենք հետ պետք է գանք եւ այդ վճիռները կայացրած դատավորների նկատմամբ գործողություն պետք է իրականացնենք:
Այստեղ խնդիրն այն է, որ մեր այս գործողությունները վիճարկվում են հենց գործող դատական համակարգում: Մյուս կողմից մենք չենք ուզում այնպիսի գործողություններ անենք, որմիջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք ուզում ենք դատական համակարգը դարձնենք նույնքան կառավարելի, որքան եղել է 2018-ի հեղափոխությունից առաջ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունում է քննադատությունը, որ այս ասպարեզում չեն կարողացել մեծ հաջողությունների հասնել. «Բայց ես չեմ ընդունի քննադատությունը վճռականության բացակայության մասին: Որովհետեւ այն դեպքում երբ մենք վճռականություն ենք ցուցաբերել, գիտեք հանրաքվե էինք նշանակել, բայց կովիդի համաճարակի պատճառով ստիպված եղանք չեղարկել: Նաեւ որոշակի վճռական գործողություններ ենք արել, բայց դրանք չենք կարող դուրս բերել օրինականության շրջանակից: Մենք ոչ մի օր դրա մասին չենք մոռացել, ամեն օր աշխատում ենք դրա վրա:
Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինեն հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմ: Հիմա այդ մեխանիզմը կա, բայց այնպես է ստացվել, որ այդ հակակշիռների կողմերից մեկն ունի շահերի բախում: Բայց միանշանակ է, որ մենք հետեւողականորեն այս ճանապարհով գնալու ենք»:
Նա որպես օրինակ բերեց լրատվամիջոցների թափանցիկության վերաբերյալ ընդունված օրենքը. «Դրան նախորդել է մեկ տարի աշխատանք նաեւ միջազգային կառույցների հետ: Մենք ուզում ենք, որ կողքի հայացքն էլ գնահատի ու չստացվի, որ մենք այլ խնդիրներ լուծելու համար խոսքի ազատությունն էլ սահմանփակենք: Մենք ուզում ենք կողքից նայողներն էլ ասեն, որ այ էս նրբությունը մի քիչ խնդրահարույց է, եւ ստանանք որակյալ արտադրանք, որը մի կողմից կլուծի խնդիրը, մյուս կողմից Հայաստանը չի դարձնի ավտորիտար երկիր»,-ընդգծեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Զանգվածային լրատվության մասին օրենքում արված փոփոխությունները, ըստ որոնց՝ լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից՝ ֆեյքերին հղում անելու դեպքում։ Այդ նախագիծը մեծ քննադատությունների արժանացավ եւ՛ ԶԼՄ-ների, եւ՛ իրավապաշտպանների կողմից, բայց երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն այն ընդունեց։
Նշենք նաեւ, որ Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ օգոստոսի 2-ից կիրառվում են սահմանափակումներ։ Լրագրողնեը չեն կարողանում մոտենալ ԱԺ պատգամավորների աշխատասենյակներին, ինչպես նաեւ օգտվել նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից։ Լրագրողական մի շարք կազմակերպություններն արձանագրել են, որ խորհրդարանում արված այդ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու զանգվածային լրատվամիջոցներին աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու. «Չի ընդունվել որեւէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, եւ միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում»:





























