Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներից հատկապես հիասթափված է ադրբեջանական կողմը: Նման կարծիք են հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները` հակամարտությունների վերաբերյալ իրենց հուլիս ամսվա զեկույցում:

«Երբ Կազանի հանդիպումը չարդարացրեց ԼՂ բանակցություններում զգալի առաջընթաց արձանագրելու սպասումները, հիասթափությունն ու հոռետեսությունը հատկապես ուժեղ էին Ադրբեջանում»,-նշվում է հետազոտության մեջ: Ռիսկի առումով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 12 բալանոց սանդղակով չափելու դեպքում գնահատվել 9 բալ:

Հայաստանի վերաբերյալ փաստաթղթում, որն ստացել է 8 բալ,  հիշատակվել է ՀԱԿ-իշխանություն երկխոսության փաստը, ինչպես նաեւ Հայաստանի ՊՆ-ի հուլիսի 25-ի հայտարարությունը, ըստ որի պատմության մեջ առաջին անգամ անցկացվել են հայ-ամերիկյան ռազմական վարժանքներ:

Ադրբեջանի մասին փաստաթղթում, որը նույնպես ստացել է 8 բալ, նշվել է հուլիսի 4-ին ադրբեջանցի եւ իրանցի սահմանապահների բախման մասին:

Հիշեցնենք, որ այդ բախումը հանգեցրել էր մեկ ադրբեջանցի սահմանապահի մահվան: Ադրբեջանում արգելված իսլամական կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում նրա ղեկավար Մովսում Սամեդովը, դատարանին են հանձնվել ահաբեչական գործունեության մեղադրանքով: Կուսակցության ակտիվիստները հայտարարել են, որ Սամեդովի կալանավորումը պայմանավորված է եղել դպրոցում հիջաբների կրումն արգելելու որոշումը քննադատության ենթարկելու հետ: