Եվրոգոտում գնաճը հուլիսին գրանցել է հերթական ռեկորդային բարձր մակարդակը, եւ մինչ դրա գագաթնակետը կարող են ամիսներ անցնել, ինչը ճնշում է գործադրում Եվրոպական կենտրոնական բանկի վրա, հաղորդում է Reuters-ը:

Սպառողական գների աճը եվրո օգտագործող 19 երկրներում հուլիսին արագացել է մինչեւ 8.9 տոկոս, մեկ ամիս առաջվա 8.6 տոկոսից, ինչը զգալիորեն գերազանցում է 8.6 տոկոս սպասումները եւ գերազանցում է նաեւ ԵԿԲ-ի 2 տոկոս նպատակային ցուցանիշը, վկայում են Եվրոստատի տվյալները:

Սկզբնական գնաճը պայմանավորված էր հետհամաճարակային մատակարարման խցանումներով, սակայն վերջին շրջանում գլխավոր մեղավոր են դարձել Ուկրաինայում պատերազմի հետեւանքները, որոնք էներգիայի, մետաղների եւ պարենային ապրանքների գների բարձրացման հանգեցրին:
Թեև էներգիայի բարձր գները շարունակում են մնալ գնաճի հիմնական շարժիչ ուժը, վերամշակված սննդամթերքի եւ ծառայությունների գները եւս աճել են, ինչը վկայում է այն մասին, որ գնաճն ավելի մասշտաբային է դառնում:

Մտավախություն ունենալով, որ թանկացումները դուրս են գալիս վերահսկողությունից՝ ԵԿԲ-ն այս ամիս բարձրացրել է տոկոսադրույքները 50 բազիսային կետով։

Սակայն գնաճը նույնպես երկընտրանք է բանկի համար։ Պարենի եւ էներգիայի անհավանական բարձր գները սպառում են խնայողությունները եւ, ի վերջո, դանդաղեցնում աճը, ինչը վատագույն դեպքում կարող է ռեցեսիայի հանգեցնել բլոկի ներսում:

Գերմանիան՝ եվրոգոտու խոշորագույն տնտեսությունը, երկրորդ եռամսյակում լճացման մեջ է հայտնվել: Մինչդեռ ԱՄՆ-ի տնտեսությունը երկրորդ եռամսյակում անսպասելիորեն անկում ապրեց։

Հիմնական գնաճը, որը բացառում է սննդամթերքի եւ վառելիքի գների անկայունությունը, արագացել է 4.6-ից մինչեւ 5.0 տոկոս՝ ավելի քան կրկնակի, քան ԵԿԲ-ի 2 տոկոս նպատակային ցուցանիշն է: Մինչդեռ ալկոհոլն ու ծխախոտը բացառող էլ ավելի նեղ ցուցանիշը 3.7 տոկոսից 4.0 տոկոսի է հասել: