Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջեբրաիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ջեբրաիլ Ժեարային՝ Հայաստանում իր ութամյա բեղմնավոր գործունեության համար: «Մեր ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, և ուրախ եմ, որ գնալով մեր միջպետական հարաբերությունները թափ են առնում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը և հույս հայտնել, որ Լիբանանի նոր դեսպանը նույնպես իր ավանդը կներդնի այս չափազանց կարևոր գործում:

Դեսպան Ջեբրաիլ Ժեարային շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ խոսքերի համար և նշել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում ջանք չի խնայել, որպեսզի երկու երկրների միջև ավելի ամրապնդվեն տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը: