Երեւանի պետական համալսարանը մինչ այս պահը իրավապաշտպան, դասախոս Ռուբեն Մելիքյանին դասաժամեր չի հատկացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
«Մինչ այսօր մեր՝ քրեական դատավարության ամբիոնի ծանրաբեռնվածությունը հաստատված չէ, մինչդեռ այն պետք է հաստատվեր շատ ավելի վաղ։ Սովորաբար այն հուլիսին էր հաստատվում։ Իմ տեղեկություններով՝ պատճառը ես եմ, եւ իհարկե, պատճառն իմ դասավանդման որակը չէ։ Արդեն վերջին օրերն են հաստատման համար, եւ համալսարանը դեռ կարող է ուղղել իր ոչ իրավաչափ վարքագիծը։ Այս պահի դրությամբ փաստ է, որ իմ դասավանդումը հաստատված չէ։ Եթե տեսնեմ, որ այս վարքագծի հետեւանքով կարող եմ վտանգել իմ գործընկերներին, ապա ես որեւէ խնդիր չեմ տեսնում հեռանալու հետ, որովհետեւ համալսարանն ինձ համար արժեք է, եւ ես ժամանակ չեմ ծախսի իմ իրավունքների պաշտպանության համար»,- նշեց նա։
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ համալսարանում դասավանդում է արդեն 19 տարի, եւ իր՝ համալսարանից հնարավոր հեռացումը միայն քաղաքական պատճառով կարող է լինել։
«Այլ պատճառ ուղղակի չի կարող լինել։ Իսկ իրական պատճառը պետք լիներ այն, որ ես որակյալ չդասավանդեի կամ դասերն օգտագործեի քաղաքական նպատակներով, ինչը ժամանակին անում էին ներկայիս իշխանականները։ Եթե կա որեւէ ապացույց նշածս երկու պատճառների, ապա թող ներկայացնեն»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։





























