Հայ քաղաքական գործիչները կարոտով են հիշում իրենց դպրոցական անհոգ տարիները, հատկապես սեպտեմբերի 1-ի տոնը, երբ ծնողների ձեռքը բռնած, ծաղիկներով ու փուչիկներով, առաջին անգամ դպրոց էին շտապում։ Իրենց թանկագին հիշողություններն ազգի ընտրյալներից մի քանիսը պատմեցին NEWS.am-իթղթակցին։

Ինչպես նշեց Հանրապետական կուսակցության  պատագամավոր Կարեն Ավագյանը, թեեւ ինքն իր առաջին սեպտեմբերի 1-ը բոլոր մանրամասներով չի մտաբերում, սակայն պարզ հիշում է, որ ծաղիկներն ու գույնզգույն փուչիկներն այդ օրը շատ-շատ էին։ « Հիշում եմ, որ շատ էի շտապում դպրոց գնալ եւ անընդհատ հարցնում էի ծնողներիս, թե ե՞րբ են ինձ վերջապես դպրոց տանելու։ Հիշում եմ նաեւ, որ միշտ պաշտպանում էի դասարանի աղջիկներին, ուրիշ տղաների նման նրանց մազերը չէի քաշում ու շրջազգեստները չէի բարձրացնում»,- ասաց Կարեն Ավագյանը։ Պարզվեց՝ խորհրդարանականը  եւ իր կինը սովորել են միեւնույն դասարանում, թեպետ կողք կողքի երբեք էլ չեն նստել։ «Այն ժամանակ նա նույնիսկ ինձնից բարձրահասակ էր»,-լիաթոք ծիծաղով հիշեց պատգամավորը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ իր առաջին սեպտեմբերի 1-ը եղել է ճիշտ այնպիսին, ինչպիսին «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում է։ «Իմ պապն էլ՝ պատերազմի վետերան, համակենտրոնացման ճամբարում  եղած, 49-ին աքսորված մի մարդ,  Արմեն Ջիգարխանյանի հերոսի նման, գյուղից հատուկ եկել էր՝ ինձ դպրոց տանելու համար։ Ֆիլմի նման խորոված էլ ենք արել»,- հիշեց պատգամավորը՝ ավելացնելով, որ այդ ամենը հիշում է որպես լուսավոր մի երազ։ Նա հիշեց, որ դասերից այնքան է հաճախ չի «փախել», լավ է սովորել եւ 3-ներ առհասարակ չի ստացել։

Արմեն Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի սեպտեմբերի 1-ին առաջին դասարան է ճանապարհում իր դստերը, ինչի համար շատ ուրախ ու հպարտ է։

Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ դպրոցական տարիների հիշողություններն իր համար շատ թանկ են։ «Ես գիտելիքների նկատմամբ, այսպես ասած, թուլություն եմ ունեցել եւ վճռական եմ իմ այն մտքի մեջ, որ մարդու յուրաքանչյուր հաջողություն պայմանավորված է դպրոցում ստացած գիտելիքներով։ Սիրում էի հատկապես մաթեմատիկա, ֆիզիկա եւ աշխարհագրություն  առարկաները»,- ասաց պատգամավորը։

Խոսելով իր առաջին սեպտեմբերի 1-ի հետ կապված հիշողությունների մասին՝ Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքն առանձնապես զգայուն բնավորություն չի ունեցել եւ այդ օրը բացարձակապես չի հուզվել։

Սեպտեմբերի 1-ի մանրամասները, ինչպես պարզվեց, այնքան էլ թարմ չէին նաեւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի մոտ։ Նա միայն վստահեցրեց, որ ոչ մի սեպտեմբերի 1-ի դասից «չի փախել», բայց ուրիշ օրերի՝ պատահել է։ «Դասարանցիներով գնում, հնդկական կինո էինք նայում։ Բայց դա չէր խանգարում, որ ես լավ սովորեի՝ չնայած գերազանցիկ չեմ եղել»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը հիշեց, որ իր առաջին սեպտեմբերի 1-ին դպրոցում իրեն է մոտեցել նույն՝ Վլադիմիր Կարապետյան անուն-ազգանունով 4-րդ դասարանցի մի տղա եւ ամուր գրկելով իրեն՝ ասել, որ կյանքում առաջին անգամ է հանդիպում իր անուն-ազգանունն ունեցող մեկ այլ մարդու։ «Ասաց, ամեն ինչ կանեմ, որ քեզ դպրոցում հարմար զգաս։ Այդ տղան իսկապես, գոնե առաջին  տարիներին, օգնում էր ինձ։ Նա, իդեպ, Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարպետյանի եղբայրն էր»,-պատմեց Վլադիմիր Կարապետյանը։

Պատրաստեց Անի Ղազարյանը