Lamborghini-ի վաճառքի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչեւ 2022 թվականի վերջը ապրանքանիշը վաճառքի նոր ռեկորդ կսահմանի. ամբողջ անցած տարվա ընթացքում իտալական ավտոարտադրողը վաճառել է 8405 մեքենա, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին վաճառքներն արդեն հասել են 7430-ի: Ընդ որում, ամեն ամիս Lamborghini-ն ավելի շատ ավտոմեքենա է վաճառում, քան արտադրում է ընկերության գործարանը։ Արդյունքում՝ ապրանքանիշի նոր մեքենաների համար՝ անկախ մոդելից, հերթը ձգվել է գրեթե երկու տարի, հայտնում է Motor-ը։
Lamborghini-ի գործադիր տնօրեն Ստեֆան Վինքելմանը ABC News-ին ասել է, որ ընկերությանը ավտոմեքենաների վաճառքի համաշխարհային անկում չի սպառնում, քանի որ ապրանքանիշն արդեն վաճառել է բոլոր նոր մեքենաները մինչեւ 2024 թվականը. մոդելի հերթը ձգվել է 19 ամիս:
Հենց հիմա Lamborghini գնել ցանկացողները հույսը կարող են դնել միայն օգտագործված մոդելների վրա։ Բացի այդ, ընկերության ղեկավարը՝ Սանտ Ագատա-Բոլոնեզյեից, ընդգծել է, որ դեռեւս չներկայացված հիբրիդային սուպերքարի համար արդեն հավաքվել է մի քանի հազար նախնական պատվեր։
Չնայած այն հանգամանքին, որ այս մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա միայն 2023 թվականի առաջին եռամսյակի վերջին, Lamborghini-ն արդեն մոտ 3000 նախնական պատվեր է ձեւակերպել բրենդի առաջին սերիական հիբրիդի համար։





























