«Պեգասուսը» վիրուս չէ, վիրուս ասում են այն վնասաբեր ծրագրերին, որոնք ինքնուրույն են տարածվում եւ տարածվելու մեխանիզմ ունեն, իկ «Պեգասուսն», իրականում, կիբեր զենք է կամ լրտեսական ծրագիր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը՝ հավելելով, որ հենց դրանով էլ այն տարբերվում է շատ այլ վնասաբեր ծրագրերից. «Որպեսզի «պեգասուսը» ձեզ վարակի, դա վճարովի ծառայություն է: Այդ ծառայությունը մատուցող ընկերությունն իսրայելական է, որը ծրագիրը վաճառում է միայն պետություններին, եւ այդ ծրագիրը իբր նախատեսված է իրավապահ համակարգի համար, իբր ահաբեկիչներին բռնելու համար, սակայն բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ ծրագիրը չարաշավում է, տարբեր ավտորիտար պետություններ գնում են ծրագիրը եւ սկսում են օգտագործել իրենց ընդդիմադիրների դեմ: Մենք տեսել ենք նաեւ դեպքեր, երբ «Պեգասուսն» օգտագործվել է այլ երկրների դեմ՝ լրտեսության համար:
Հայաստանում անցյալ տարի մենք տեսանք, որ Apple ընկերությունը բավական մեծ թվով ահազանգեր էր ուղարկելով՝ նշելով, որ իրենց ինդիկատորներից դատելով, այսինքն սերվերների IP հասցեներ, ծրագրային ֆայլեր, որոնք ընկնում են հեռախոսի մեջ, դուրս են գալիս, դա իրենց թույլ է տալիս ենթադրել, որ եղել է կիբեր զենքի կիրառում կոնկրետ օգտատիրոջ նկատմամբ: Այս տարի եւս այդպիսի ցիկլ ենք տեսնում, մեր իմացած քանակը մոտ երկու տասնյակի է հասնում»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, ամեն մարդ չէ, որ ուշադրություն է դարձնում, տեղեկացնում է, կամ իմանալու դեպքում էլ ցանկանում է տեղեկացնել. «Եթե հարձակման ենթարկված մարդիկ բոլորը հրապարակեին այդ մասին տեղեկատվությունը, կարելի էր տրամաբանորեն շրջանակը գծել եւ դրանից եզրակացություն անել: Բայց քանի որ դա մեր գաղտնիքը չէ, մենք մեզ իրավունք չենք վերապահում նույնիսկ դիտարկումներ անել, դրանով իսկ մարդկանց վրա կասկածներ գցել»:
Արթուր Պապյանը նշեց, որ սա ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ «պեգասուսի» մասին ահազանգի մասին հայտարարել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, պատգամավոր Արթուր Խաչատրյանը. «Մենք տեսնում ենք, որ դրանք պետության համար կարեւոր կամ ընտրովի պաշտոններ են: Հետաքրքիր է, թե ովքեր են նրանց հետեւում, դա պետք է քննվի:
Այդ ծրագրերը օգտագործում են ամենանոր տեխնոլոգիաները, սա անվերջանալի մրցավազքի է նման: Apple-ը փակում է հնարավոր սողցնքները, փորձում է օգտատիրոջը պաշտպանել, սակայն NSO Group ընկերությունն էլ իր հերթին հետազոտական լաբորատորիաներ ունի, նոր կոտրելու ձեւեր է հայտնաբերում եւ կիրառում:
Դատելով հետազոտության արդյունքներից, ծրագիրը կարող է իրականացնել հեռախոսի սքրինշոթեր, կարողանում է տվյալներ հավաքել հեռախոսի գտնվելու վայր, շարժման կամ անշարժ գտնվելու մասին, կարող է հավաքել տպած տեքստերը եւ ամբողջությամբ ուղարկել իր տիրոջը: Այն տարբերակը, որ գոնե ես եմ տեսել, հնարավորություն չունի միկրոֆոնին կամ տեսախցիկին կպնելու: Բայց սա ծրագիր է, որ անընդհատ թարմացվում է:
Այն մարդիկ, որոնք նման ահազանգեր են ստանում, գոնե դիմեն Apple-ի առաջարկած քայլերով անցնել, կամ դիմեն խորհրդատվության համար: Ինչ-որ առումով մեր պետության շահերից է բխում, որ այդ մարդիկ հրապարակեն այդ տեղեկատվությունը: Չի կարելի թույլ տալ, որ այսպիսի կոպիտ կերպով օտարերկրյա պետության լրտեսական ծառայությունների կողմից կորտրվի ՀՀ քաղաքացիենրի անձնական տվյալները»,-ասաց փորձագետը:





























