Սինգապուրն աշխարհաքաղաքական հակամարտություններում ոչ մի կողմին չի սատարի եւ փոխարենը կաջակցի օրենքի գերակայությանը, ասել է երկրի կրթության նախարար Չան Չուն Սինգը՝ Morgan Stanley Ասիական Խաղաղօվկիանոսյան գագաթաժողովի շրջանակում ունեցած իր հիմնական ելույթում, հաղորդում է CNBC-ն։
Աշխարհը պետք է մնա փոխկապակցված՝ չնայած պառակտման ճնշմանը, ասել է նա, քանի որ ցանկացած տեսակի պառակտում առանձին երկրները կդարձնի «ենթաօպտիմալ» եւ տնտեսապես տկար:
«Փոխկախվածությունը վտանգ է ներկայացնում, սակայն մասնատված աշխարհը, որտեղ մարդիկ եւ մեծ պետությունները կարծում են, որ կարող են մեծացնել իրենց անվտանգությունն ու անուղղակիորեն սրել մեկ այլ երկրի անապահովությունը, չի կարող շահեկան լինել», - ասել է նա՝ հիշեցնելով, որ ավելի փոխկապակցված աշխարհն ավելի ապահով աշխարհ է:
«Բայց այսօր, ինչպե՛ս ներքին, այնպե՛ս էլ գլոբալ ճնշումների պատճառով, գայթակղություն կա մտածելու, որ եթե աշխարհը բաժանվի երկու տարբեր խմբի, ապա դրանցից յուրաքանչյուրն ավելի ապահով կլինի», - նշել է նա՝ հավելելով, որ եթե մասնատումը շարունակվի, երկրներն ու ընկերությունները ավելի քիչ օպտիմալ արդյունք կունենան:
Քաղաքական գործիչը կարծում է, որ համակարգի մի շարք ճեղքերից են նաեւ Ուկրաինայի պատերազմը եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում վեճերի կարգավորման ճգնաժամը: Անմիջապես խոսելով բիզնեսի առաջնորդների եւ ներդրողների հետ ներդրումային համաժողովի ժամանակ՝ Չանը կոչ է արել համաշխարհային կերպով ինտեգրվել:
«Գլոբալ ընկերությունները ձայն ունեն, եւ նրանք պետք է լսելի դարձնեն իրենց ձայնն այն մասին, որ գերադասում են ինտեգրված, ո՛չ թե մասնատված աշխարհը», - ասել է Չանը:




























