Fitch Ratings վարկանշային գործակալության կողմից Հայաստանին տրված վարկանիշը` BB-` կայուն կանխատեսմամբ, օբյեկտիվ է: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ընդդիմախոսների եւ վերլուծաբանների ուշադրությունը հրավիրեց հատկապես պետական պարտքի վերաբերյալ գնահատականի վրա, քանի որ պետպարտքը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Fitch Ratings-ի զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, եւ նմանատիպ երկրների համեմատ բեռը միջին ցուցանիշից ցածր է:
Տ. Սարգսյանի ներկայացմամբ` Հայաստանի արտաքին պարտքը այսօր գտնվում է ՀՆԱ-ի 40 տոկոսի շրջանակներում, ամբողջությամբ բաղկացած է միջազգային կազմակերպություններից ստացված երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից: «Ես ցանկանում եմ ասել, որ իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը»,-եզրափակեց վարչապետը:
Հիշեցնենք, որ Fitch Ratings-ը Հայաստանի վարկանիշը վերջին անգամ թարմացրել է օգոստոսի վերջին: 2009 թ. Հայաստանի վարկանիշը իջեցվել էր 1 աստիճանով` ճգնաժամի պատճառով: Փաստորեն` Fitch-ը պահպանում է Հայաստանի այն վարկանիշը, որ տվել էր ճգնաժամի ընթացքում:



























