Թուրքիան կարեւոր հանգույց կդառնա Եվրոպա թուրքմենական գազի մատակարարման ճանապարհին։ Ավազայում Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան եռակողմ գագաթաժողովից հետո տեղի ունեցած զրույցում այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Անադոլուն։
Նրա խոսքով՝ Եվրոպա ռուսական եւ թուրքմենական գազի մատակարարումները էներգետիկ ոլորտի համար շատ կարեւոր քայլեր կդառնան։
Էրդողանը նշել է, որ այսօր Բաքվի եւ Աշխաբադի միջեւ քննարկվում է Թուրքմենստանից Կասպից ծովով գազի արտահանման թեման, այլ հարցերից բացի քննարկվում է նաեւ ֆինանսական բեռի բաշխման խնդիրը։ «Կարծում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքմենստանը պետք է համաձայնության գան այդ բեռի բաշխման հարցում։ Եթե Թուրքիան դառնա այս գործընթացի մաս, Անկարան էլ ծախսերի մի մասը իր վրա կվերցնի։ Եթե գործին ներգրավեն ԵՄ-ին, ապա ֆինանսական հարցում պետք է մասնակցեն նաեւ Բրյուսելի ներկայացուցիչները»,- կարծում է Թուրքիայի ղեկավարը։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ բանակցություններում նույնպես կբարձրացնի էներգետիկայի հարցը։ «Արագ քայլերը թույլ կտան հեշտացնել գործընթացը։ Դրանից հետո կսկսենք քննարկել ԵՄ-ի հետ կապված հարցը»,- հավելել է նախագահը։
Թուրքիայի ղեկավարը ուշադրություն է հրավիրել Անդրանատոլիական գազատարի (TANAP) ծանրաբեռնվածության վրա։
«TANAP-ը ծանրաբեռնված է՝ 32 միլիարդ խորանարդ մետր: Նման իրավիճակ է նաեւ Անդրադրիատիկ գազատարի (TAP) դեպքում՝ վեց միլիարդ խորանարդ մետր է քաշվում։ Ուստի գործընկերները կքննարկեն նոր գազատարի կառուցման անհրաժեշտությունը եւ երկխոսության արդյունքների հիման վրա նոր քայլեր կձեռնարկեն։ Մենք քննարկել ենք հարցը Ավազայում նախագահների մակարդակով։ Հիմա հերթը տեխնիկական բազայի, ֆինանսական շրջանակի քննարկումներինն է, ինչը թույլ կտա ապագայում նոր քայլեր ձեռնարկել»։




























