Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Այժմ բանակցություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ:
Աշխատանքային խորհրդակցության վերջում ամփոփելով 2022թ.-ը՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակազմին ու գործընկեր կառույցներին՝ կատարած համատեղ աշխատանքի համար, և նկատել, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունի քաղաքն օրեցօր ավելի լավը դարձնելու գործում:
«Շնորհավորում եմ բոլորին գալիք տոների առթիվ, ընտանիքներին մաղթում առողջություն և ամենակարևորը՝ մեր երկրին խաղաղություն: Այդ խաղաղությունը հենց այնպես չի լինում. յուրաքանչյուրս մեր տեղում պետք է աշխատենք, որ ցանկացած պահի, երբ ինչ-որ մի բանի անհրաժեշտություն լինի, կարողանանք ճիշտ արձագանքել: Վստահ եմ՝ այն քայլերով, որ առաջ ենք գնալու, այն բոլոր խնդիրները, որ ունենք, համատեղ ուժերով լուծելու ենք: Կխնդրեմ, որ 2023թ.-ին է՛լ ավելի ուշադիր լինենք, է՛լ ավելի մեծ տեմպերով շարժվենք առաջ, որ կարողանանք համատեղ ուժերով հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որոնք կան տարածաշրջանում»,- ընդգծել է Հրաչյա Սարգսյանը:




























