Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակի, ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի եւ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վժոնտեկի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լեհական երկկողմ ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել նաեւ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործունեության վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրերի ստորագրման, ինչպես նաեւ ռազմակրթական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել էր Կիելցե քաղաքում կազմակերպված պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդես, որի վերաբերյալ Սեյրան Օհանյանը իր տպավորություններն է ներկայացրել Լեհաստանի պաշտպանության ոլորտի պատասխանատուներին եւ քննարկել հայ-լեհական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, պաշտպանական գնումների, գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաեւ Վարշավայի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խնդիրները եւ զարգացման ծրագրերը, իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում, Հայաստանի անվտանգության մարտահրավերները: Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է նաեւ լեհական բանակի պատմության թանգարան, ծաղկեպսակ դրել Անհայտ Զինվորի հուշակոթողին:Սեպտեմբերի 10-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: