ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները սկսել են նախատեսված հանրահավաքից առաջ դատարանի շենքի մոտ ժամանել՝ ի պաշտպանություն նախկին նախագահի, հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԱՄՆ նախկին նախագահի կողմնակիցների առավոտյան բողոքի ակցիայում ելույթով հանդես կգա ամերիկացի օրենսդիր Մարջորի Թեյլոր Գրինը։
Մինչդեռ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Ջորդանը եւ Ջեյմս Քոմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել Թրամփի համար հնարավոր արգելքների սահմանման կապակցությամբ:
«Նախագահ Թրամփի՝ քաղաքական դրդապատճառներով դատախազի կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքը քննարկելու հնարավորության վրա որեւէ սահմանափակում դնելը միայն կընդգծի Նյու Յորքի արդարադատության համակարգի սպառազինությունը»,-ասել են քաղաքական գործիչները:
Դատավոր Մերչանը, ենթադրաբար, կարող է հրաման արձակել այս գործով նախկին նախագահի հրապարակային ելույթներն արգելելու մասին, եթե դատավորը համարի, որ կա «ողջամիտ հավանականություն», որ դա կարող է խանգարել արդար դատաքննությանը:
Մանհեթենի փաստաբանները NBC News-ին տված հարցազրույցում ենթադրել են, որ արգելքի մասին հրամանի հրապարակումը քիչ հավանական է:
Թրամփը սոցիալական ցանցերում ակտիվորեն բողոքում է մեղադրական եզրակացության դեմ եւ նախազգուշացրել է «հնարավոր մահվան եւ ոչնչացման» մասին, եթե իրեն մեղադրանք առաջադրվի: Թրամփն իրավունք ունի պաշտպանել իր անմեղությունը, սակայն կարող է լրացուցիչ իրավական խնդիրների առաջ կանգնել, եթե սպառնա դատախազին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքի երդվյալ ատենակալների մեծ ժյուրին քվեարկել է Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին: CNN հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ Մանհեթենի դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է ավելի քան 30 դրվագներով, որոնք կապված են գործարար ոլորտում խարդախության հետ: Պաշտոնապես մեղադրանքները կհրապարակվեն միայն Թրամփի դատարան ներկայանալու դեպքում, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է. նրան, իբր, մեծ գումար է վճարվել Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար:
Նախկին նախագահն ավելի վաղ հերքել էր Ինչպես Դենիելսի հետ կապը, այնպես էլ իր կողմից ցանկացած անօրինական գործողություն: Թրամփը նաեւ հայտարարել է, որ հետապնդումը քաղաքական դրդապատճառ ունի եւ կապված է 2024 թվականին նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության հետ: Մեկնաբանելով Մանհեթենի շրջանի դատախազության կողմից իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ Թրամփը հայտարարել է, որ չի կարող հույս դնել Նյու Յորքում արդար դատաքննության վրա:




























