Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի քննիչներն Ազգային ժողովում են և քննչական գործողություններ են իրականացնում բոլոր այն պատգամավորների նկատմամբ, որոնք մարտի 31-ին ներկա են եղել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի և իշխանական պատգամավոր Վլադմիրի Վարդանյանի միջև տեղի ունեցած միժադեպին։

Այս պահին ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորների առերեսում է տեղի ունենում՝ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպի հետ կապված:

Մասնավորապես, ընդդիմադիր պատգմավորներից ներկա են Գեղամ Նազարյան, Արծվիկ Մինասյան եւ իհարկե, Մհեր Սահակյանը, ներկա են նաեւ նշված փակ հանդիպմանը մասնակցող ՔՊ-ական պատգամավորները:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին հայտնի դարձավ, որ ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Դեպքի վերաբերյալ ՔԿ-ն հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է արել Վլադիմիր Վարդանյանին բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վարդանյանի ձախ հոնքին, որի հետևանքով վերջինս ընկել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մհեր Սահակյանն առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել էր և տարվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել:

Վլադիմիր Վարդանյանն էլ վնասվածքով, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նա ճանաչվել է տուժող։

Նշենք՝ Մհեր Սահակյանն ասել էր, որ մեկ անգամ է հարվածել Վարդանյանին՝ ինքնապաշտպանության նկատառումից ելնելով, իր ձեռքին չի եղել որևէ գործիք: 

«Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները՝ բռի կերպով: Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով, որ հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ ում վրա ուզի, կարող է գոռալ: Այդ պահին, երբ մոտենում էր ինձ, հաշվի առնելով իշխանական պատգամավորների վարքագիծը, որ թույլ են տալիս հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, դիմեցի անհրաժեշտ պաշտպանության և մեկ անգամ հարվածեցի նրան»,- պատմել է Մհեր Սահակյանը: