Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային լրացուցիչ 500 մլն դոլարի վարկային երաշխիքներ տրամադրել՝ այս տարի ընդհանուր վարկային գումարը հասցնելով 1 մլրդ դոլարի, հայտարարել է ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը, հայտնում է Reuters-ը։

Հանթն ասել է, որ բրիտանական վարկային երաշխիքները կարեւոր էին Արժույթի միջազգային հիմնադրամից Ուկրաինային 15,6 միլիարդ դոլարի չափով մեծածավալ չորսամյա աջակցության փաթեթի ապահովման համար:

«Այս ֆինանսավորումը կամրապնդի Ուկրաինայի տնտեսական կայունությունը եւ կուժեղացնի նրա դիմադրությունը Ռուսաստանին», - ասվում է Հանթի հայտարարության մեջ:

Ռուսական ներխուժումից հետո Մեծ Բրիտանիան խոստացել էր Ուկրաինային 6,5 միլիարդ ֆունտ սթերլինգի (8,1 միլիարդ դոլար) չափով վարկ տրամադրել: Ներկայիս վարկային երաշխիքները կօգնեն ֆինանսավորել Ուկրաինայի հանրային ծառայությունները, ներառյալ դպրոցների եւ հիվանդանոցների աշխատանքը, ասվում է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Հանթը նաեւ ասել է, որ լրացուցիչ 670 միլիոն դոլար է տրամադրել ԱՄՀ-ի աղքատության կրճատման եւ աճի ջանքերի համար, եւ 3,3 միլիարդ դոլար՝ ԱՄՀ-ի էներգետիկ նախագծերի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրի աջակցության շրջանակում:

«Մյուս երկրներին մեր աջակցությունը տեղի է ունենում ժամանակ, երբ ես խորապես կենտրոնացած եմ Մեծ Բրիտանիայի տնտեսության աճի վրա, եւ մեր ծրագիրն աշխատում է. մենք գտնվում ենք այս տարի գնաճը երկու անգամ կրճատելու ճանապարհին», - ասել է նա: